Հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են տեղի ուենալու Կոտայքի մարզի բոլորիս հայտնի հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձոր քաղաքում: Քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ զրուցում ենք քաղաքում կատարված աշխատանքների, զբոսաշրջային տարվա, ընտրությունների ու կատարված աշխատանքների մասին:
– Պարոն Հարությունյան, Ծաղկաձորն ինչպե՞ս է սկսել զբոսաշրջային տարին:
– Շատ լավ ենք սկսել, ինչպես Ամանորի օրերին, այնպես էլ՝ այսօր, շատ ծանրաբեռնված է: Ռուսաստանից շատ հյուրեր ենք ունենում նաև մայիս ամսվա տոներին, սակայն նվազում է նկատվել հայաստանյան զբոսաշրջիկների թվում, ինչը կապված է նաև հյուրանոցային բարձր գների հետ: Արդեն 3 տարի է, որ մասնավոր տներում մինի հյուրտներ են գործում, որտեղ գներն անհամեմատ մատչելի են, միևնույն ժամանակ մրցակցություն է առաջանում, որտեղից օգտվում են մեր համերկրացիները: Ծաղկաձորցիները նաև սերվիսներ են մատուցում՝ դահուկներ, ձնագնացներ, ձիեր են վարձով տալիս: Դա էլ հնարավորությւոն է տալիս քաղաքապետարանին կատարելու տարեկան բյուջեն, այն կրկնակի աճել է, ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ՝ մեր աշխատանքի արդյունքում:
– Ծաղկաձորն ի՞նչ խնդիր ունի, որի մասին գրավոր ներկայացրել եք Կոտայքի մարզպետարան կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
– Ծաղկաձորում մեր միջոցներով զբոսայգի ենք կառուցում, այս տարի ուզում ենք ավարտին հասցնել, իսկ դրան կից ժամանցի վայր և խաղահրապարակներ ենք ուզում կառուցել, որպիսին չկա քաղաքում, իսկ տուրիստական քաղաքի համար անհրաժեշտություն է, որպեսզի հանգստացողները նաև զբաղմունք ունենան: Անտառում ճեմուղի ենք ուզում կառուցել, որի համար դիմել ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Հասկանում ենք, որ Ծաղկաձորից ավելի բարդ խնդիրներ ունեցող համայնքներ կան, որոնց են նախընտրում օգնել, հասկանալի է: Դիմել ենք մարզպետարան ասֆալտապատման աշխատանքների խնդրով, աջակցում են որքանով հնարավոր է:
– Պարոն Հարությունյան, յուրաքանչյուր ընտրություններում թեկնածուները որոշակի խոստումներ են տալիս ընտրվելու համար: Անցած ընտրություններում Ձեր կողմից խոստացվածի ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում:
– Ծաղկաձորում մշտապես աջակցում և խրախուսում ենք փոքր և միջին բիզնեսին, դրանց զարգացմանը, չենք թողնում, որ խոշոր բիզնեսները ճնշեն, հավասար մրցակցային պայմաններ ենք ապահովում բոլոր տնտեսվարողների համար:
Ես նաև տեղի Հյուրանոցների միության նախագահն եմ, կարողանում ենք աշխատանքներն այնպես կազմակերպել, որ խոշորների և ՓՄՁ-ների մրցակցությունն ապահովվի: Նաև՝ տեղեկատվական կենտրոն ունենք, որի միջոցով ուղղորդում ենք, գովազդային հոլավակների պատրաստմամբ օգնում: Դա օգնում է, որ մարդիկ տեղեկացված լինեն այն մասին, որ Ծաղկաձորում կան նաև մինչև 10.000 դրամանոց առանձնասենյակներ իրենց հանգիստը կազմակերպելու համար:
Նպաստում ենք ՀՀ բուհերի տուրիզմի և մենեջմենթի ֆակուլտետներում սովորող ծաղկաձորցի ուսանողների ուսման վարձերի մուծման հարցում: Նախընտրություն է տրվում բազմազավակ ընտանիքներին, սոցիալապես անապահովներին:
Քաղաքաքապետարանին կից ունենք երիտասարդական խորհուրդ, օգնում ենք նրանց, տարաբնույթ միջոցառումներ կազմակերպում:
Ինչպես վերընշեցի, զբոսայգին, խաղահրապարակը և ճեմուղին ենք կառուցում մեր ուժերով:
Շախմատի օլիմպիական, ձմեռային սպորտային միջոցառումներն ենք կազմակերպում Ծաղկաձորում:
Քաղաքում ամբողջությամբ լուծված է խմելու ջրի խնդիրը, 24-ժամյա ջրամատակարարում ունենք, ճանապարհներն այլևս ամբողջությամբ ասֆալտապատված են, գիշերային համալիր լուսավորություն ունենք, որի հարցում անցել ենք դիոդային համակարգի և խնայել համայնքի միջոցները:
Քաղաքային զուգարաններ ենք կառուցել և շարունակում ենք աշխատանքները:
Վերանորոգվել են 7 շենքերի մուտքերն ու տանիքները:
Ամռան այս ամիսներին Ծաղկաձորի հրապարակում տարաբնույթ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպում՝ պարի, երաժշտական խմբեր են հանդես գալիս: Բոլորին գործիքներն ու բեմը տրամադրում ենք հասարակական հիմունքներով:
– Հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են նաև Ծաղկաձորում, որոշե՞լ եք, առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը՝ վերընտրվելու համար:
Այո՛, առաջադրվելու եմ, բոլոր ծաղկաձորցիներին մաղթում եմ իրենց աշխատանքներում հաջողություններ ու ակտիվություն ընտրություններում:
|