Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/09/2014
Ծաղկաձորը բոլորինն է, մերը չէ

Ծաղկաձորում շինարարական թոհուբոհ է՝ գրեթե ամեն փողոց զերծ չէ անավարտ կառույցներից կամ նոր շենքերի համար փորված հսկա հիմքափոսերից: Կառուցվում, նորոգվում, ընդլայնվում կամ վերակառուցվում են բնակելի շենքեր, հյուրանոցներ, գրասենյակներ ու խաղատներ: Այստեղ էլ բնակիչներն անպաշտպան են եւ ի վիճակի չեն դիմագրավելու իշխանություններին, որոնք շուկայականից էժան գներով խլում են նրանց սեփականությունը «պետական կարիքների» պատրվակով: Ծաղկաձորցիները նշում են, որ քաղաքը մեծահարուստները մաս-մաս են արել: Խորհրդային տարիներին քաղաքը լեռնադահուկային մարզաձեւերի եւ ժամանակակից առողջարանի համբավ ուներ: Այնտեղ էր գտնվում ԽՍՀՄ ձմեռային սպորտաձեւերի գլխավոր օլիմպիական բազան: Այսօր քաղաքը վերածվել է զբոսաշրջային կենտրոնի, բայց միեւնույն ժամանակ օրեցօր անտառազրկվում է: Փոխարենը սնկի պես աճում են տարատեսակ հյուրանոցներն ու հանգստյան տները: Զրուցեցինք Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ: - Պարոն Հարությունյան, ամեն տարի վեր են խոյանում էլիտար շինություններ, վտանգ չկա՞, որ անտառներով ծածկված երբեմնի Ծաղկաձորը շուտով կվերածվի անապատի: - Ներկայում Ծաղկաձորում նախկինի պես մեծ ծավալի շինարարական աշխատանքներ չեն ընթանում: Իսկ ծավալվելու դեպքում այն կարող է ընթանալ միայն հյուսիս- արեւելյան անտառազուրկ լանջին, որի համար մենք միայն ուրախ կլինենք: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ նախկին կառուցապատված տարածքներում հետեւողականորեն իրականացվում են ծառապատման, ծաղկապատման աշխատանքներ: - Վերջին մեկ տարվա ընթացքում ինչքա՞ն հյուրանոցներ, խաղատներ են ավելացել, եւ որքա՞ն են ծրագրել կառուցել: Այդ կառուցապատողներն ի՞նչ արտոնություններ ունեն: Արդյոք օրենքի սահմաններո՞ւմ է իրականացվում կառուցապատումը, թե՞ առաջնորդվում են պաշտոնեական դիրքով: - Վերջին տարիներին բացվել են երկու հյուրանոցներ` «Մարիոթ Ծաղկաձոր» եւ «Գոլդեն փելես», որոնք, ընդհանուր առմամբ, ապահովել են մոտ 200 աշխատատեղ: Ոչ մի կառուցապատող չունի արտոնություններ, բոլոր շինարարություններն իրականացվում են փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա եւ քաղաքապետարանի հսկողությամբ: Վերջին 1 տարում բացվել է 3 խաղատուն` «Մարիոթ Ծաղկաձոր», «Գոլդեն փելես» եւ «Բադեն-Բադեն» հյուրանոցների տարածքում, որոնք ապահովում են շուրջ 80 աշխատատեղ: Առաջիկայում նախատեսվում է բացել «Գրանդ Հոթել» եւ «Արարատ Ռեսթ» հյուրանոցները, որոնք կառուցվել են նախկին օբյեկտների տեղում եւ կունենան շուրջ 150 աշխատատեղ: - Բնակչությունը նշում է, որ գները թանկ են հասարակ քաղաքացու համար, եւ որ այսօր քչերը հնարավորություն ունեն Ծաղկաձորում հանգստանալ: Գնային քաղաքականության վրա չե՞ք կարող ազդել: - Քաղաքում գործող բոլոր հյուրանոցները մասնավոր են, եւ գները ձեւավորվում են ազատ մրցակցային քաղաքականության արդյունքում, սակայն այսօր գները տատանվում են 1 անձի համար 4 հազար ՀՀ դրամից մինչեւ 40 հազար դրամի սահմաններում: - Այս ամառ քանի՞ զբոսաշրջիկ է հյուընկալվել Ծաղկաձորում: Ի՞նչ ընթացքի մեջ են ճեմուղու աշխատանքները: - Այս ամռանը Ծաղկաձորը հյուրընկալել է մոտ 75 հազար զբոսաշրջիկի: Ճեմուղու աշխատանքները մոտ 60 տոկոսով կատարված են, այն նախատեսվում է ավարտել տարեվերջին` բարենպաստ եղանակների դեպքում, եթե ոչ՝ ապա գարնանը: Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

www.hraparak.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner